Նարեկ Կոսմոս | Մանուշակագույն


Որպես
Մի դեղին
Օդապարիկ
Կմեխվեմ
Մանուշակագույն
Ամպերիդ մեջ․․․
Ու լուցկին էլի
Կհազա կրակ,
Իսկ արևը՝
Որպես թողություն
Իմ անցած օրվա,
Կարմիր մահով
Կհեռանա։
Լուսինն իր
Գունատությունը
Կթքի իմ մենության մեջ,
Իսկ ես նորից
Կմերկացնեմ գիշերը,
Ու խավարը կդողա
Իմ նեղ սենյակում,
Կնստեմ
Ինձ այդքան երանելի
Վախերիս քարայրում
Ու կերազեմ,
Որ ինձ մեկը փնտրի,
Կերազեմ
Մեկի դեղին
Օդապարիկը
Քո մանուշակագույն
Ամպերի մեջ,
Կերազեմ
Քո ցավը
Ու
Այն,ինչ
Ինձ հատում է
Քո անեզրության մեջ․․․
Կերազեմ հոտը
Քամու,
Որ գյուղի մեջքին
Մաքրություն  է մաղում․․
Կերազեմ այնտեղ
Քեզ  ու ինձ․․․
Ու մի օր էլ
Արևը՝որպես
Անցած օրվաս
Թողություն,
Կծորա
Ափերիս մեջ,
Իսկ դու
Կհենվես
Մատներիս
Ու կերազես
Ամեն դեղին ու կարմիր։
Այնինչ
Քո մանուշագույն
Ամպերի մեջ
Կդողամ ես․․.
(Կդողամ ամեն ամպից)                         

Comments

Popular Posts