Նարեկ Կոսմոս | Ես ատում եմ


Վանդակավոր տետրե՞ր 
Ես ատում եմ դրանք
․․
Երբ վանդակի մեջ գրում են թվեր
Չէ՞ որ թվերն անվերջ են․․․
Ես ատում եմ համաստեղությունները
Երբ աստղերին կռում են
Հարմար պատկերի մեջ
Չէ՞ որ աստղերն անվերջ են․․․
Ես ատում եմ սերը հաշվողներին․․
Մահի ապառիկը կյանքով փակող մարդկանց․․․
Ճշմարիտ բառը սուտ է․․
Եվ սուտն էլ ճշմարիտ․․
Ես ատում եմ ինձ
Սահմանող մարդկանց․․
Ես ատում եմ
Ինձ
Ու մնացած
Ատող մարդկանց․․
Ես կյանքի
Խելագար վարագույրը ատում եմ
Ես ատում եմ
Այն աստծուն
Որ ճզմել եք ձեր երակներում
Ես ատում եմ ալկոհոլը
Ատում եմ լղոզված գույները աշխարհի․․․
Ես ատում եմ
Գիտության հիստերիկ
Նոպան
Ես ատում եմ
Սահմանն ատելու․․․
Ես ատում եմ անձրևը
Ու թաց վերարկուս
Ես ատում եմ
Ժանգոտ ծխերից
Փչող կարմիր լույսը․․
Ես ատում եմ
Ամերիկացի հոգեբաններին
Ռոբերտ Ռոզեն Թալին
Ես ատում եմ
Ջոյսին
Իռլանդական
Ռոքը
Ու մրոտ բլյուզը
Գարի մուրի․․
Ես ատում եմ
Մեզոտ բեղերը
Բուքովսկու
ԲՈՒՔովսկի
ԲՈՒքովսկի
ԲՈՒՔՈՎ վիսկի․․
Քամած լեռների
Հարբած վուլկանից․․․
Ես ատում եմ
Գյուրջիևի
Հանճարեղությունը․․․
Ես ատում եմ
Երկրին փշալարեր
Կարած մարդկանց
Ես ատում եմ
Խաղաղ մարդկանց
Ես ատում եմ լուռ մարդկանց
Ես ատում եմ
Մարկ Չեփմընին
Բայց ավելի շատ Լեննոնին
Իսկ եթե ավելի շատ
Ապա Յոկոյին
Կամ Ջուլիանին․․
Ես ատում եմ
Բիթլզի երգերում
Ծվարած ուրախությունը․․
Ես ատում եմ
Տանիքե գլխարկը
Մեր շենքի․․
Ես կտրում եմ մեր շենքի մազերը․․․
Ես ատում եմ մեր շենքի մազերը
Մեր շենքը․․
3-րդ հարկը
2-րդ հարկը
առաջին հարկը
Եվ չորրորդ հարկը․․
Առաջին հարկը ատում եմ
Որովհետև չեմ սիրում
Հասանելիություն․․
Երկրորդ հարկը ատում եմ
Որովհետև
Կատուները
Չեն սատկում ընկնելուց․․
Երրորդ հարկը ատում եմ
Որովհետև չսիրածս մարդիկ են
Ապրում այնտեղ․․
Իսկ չորրորդ հարկը ատում եմ
Որ չնեղենան մյուս բոլոր հարկերը․․
Քանզի առանց դրանց
Չորրորդին չեմ հասնի․․
Ես ատում եմ մեր դուռը
Բանալու հետ համբուրվող կողպեքը
Ու տուն կոչվող նորածինը
Որ ամեն օր ծնվում է
Լուսաբացիս
Ու ամեն գիշեր չի թողնում
Քնեմ
Իր ճիչե պատերով․․․
Ես ատում եմ
Բանաստեղծությունը
այս
Ու ատում եմ
պահը
երբ
մեծատառերով
գրելու
հավես չկա․․
ես հատում եմ
ատելու սահմանը
ու ատում
այդ սահմանից դուրս․․
(Բուքովսկու լոզոտ էջերի նման)

Comments

Popular Posts